70 գրամ քաշով աշխարհի ամենամեծ միջատը՝ վետան, հանդիպում է միայն Նոր Զելանդիայում: Սակայն ժամանակակից թունաքիմիկատները չափազանց վնասակար են, այդ թվում՝ այս տեսակի համար, որն արդեն ավելի քան 190 միլիոն տարեկան է: Եւ դինոզավրերին վերապրած արարածն այժմ վտանգի տակ է, հաղորդում է My Planet-ը՝ վկայակոչելով Aljazeera-ն:

Սակայն Օքլենդի գազանանոցում ստեղծել են միջատների պահպանման միակ ծրագիրն աշխարհում, որը հույս է ներշնչում: Այդպես, 2012 թվականին կենսաբանները սկսել են ընդամենը 12 միջատից, եւ այս ընթացքում 3.5 հազար վետա է արձակվել կղզում, որն իրենց համար իդեալական միջավայր է: Նրանք նաեւ լուսավորչական գործունեություն են իրականացնում բնակչության համար, հատկապես երեխաներին՝ նոր սերունդներին հազվագյուտ տեսակների պահպանման մասին տեղեկությունը հասցնելու համար: