Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն հունիսի 14-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել են Դեղին ծովում ափային հրետանու ապամոնտաժման կամ տեղափոխման հնարավորության հարցը, որը 2010 թվականին կրակ էր բացել հարավկորեական Յոնպհյոնդո կղզու ուղղությամբ, հայտնում է KBS հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրների՝ այդ հարցը Հարավային Կորեայի կողմից բարձրացվել էր Դեղին ծովում ռազմական լարվածության մեղմացմանն ուղղված ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում: Այս հարցի քննարկումը կշարունակվի, հայտնում է հեռուստաալիքը:

Հարավկորեացի փորձագետների կարծիքով՝ ռազմական բանակցություններում այս հարցը քննարկելու փաստը հաստատում է Դեղին ծովում խաղաղության ապահովմանն ուղղված իրական քայլեր ձեռնարկելու սկիզբը:

Մինչդեռ, Հյուսիսը կարող է Հարավից փոխադարձ քայլեր պահանջել: Ուստի որեւէ կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու համար տեւական ժամանակ է անհրաժեշտ, շեշտում է հեռուստաալիքը: