Նոր սենսացիոն բացահայտումներ են լինելու, սակայն նշեմ, որ ԱԱԾ–ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով ԱԱԾ–ն չի զբաղվում, եւ ես դա թույլ չեմ տա, որ երբեւէ զբաղվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանը։ Նա նաև նշեց, որ, եթե չլինեին Էջմիածնի դեպքերը, իրենք օպերատիվ գործողություններ իրականացնելու էին, քանի որ ինֆորմացիա ունեին։

Նա նաեւ նշեց, որ այլ անձանց, այլ բարձրաստիճան զինվորականների տներում ստուգումներ չեն լինելու, քանի դեռ չկան ստույգ փաստեր եւ տվյալներ։ «Եթե առկա լինեն անհրաժետ փաստերը, ապա կլինեն դա բարձրաստիճան պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ՝ կարժանանան նույն վերաբերմունքին։ Մենք երբեւիցե չենք գնում որեւէ տեղ առանց օպերատիվ տվյալների, որոնց իսկությունը մեզ մոտ կասկած է հարուցում։ Մենք նախօրոք ենք ճշտում ամեն ինչը, եւ եթե ԱԱԾ–ն սկսում է գործել՝ նշանակում է այդ գործը ունենալու է միանշանակ դատական վախճան։ Մենք հենց այնպես գործողություն չենք իրականացնում»,– ասաց Վանեցյանը։  

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին՝ Վանեցյանը նշեց, որ եղել է պլանավորված աշխատանք, որն իր ավարտին հասցվեց վերջին երկու օրը. «Ունեինք ինֆորմացիա, որ Մանվել Գրիգորյանն ու Արթուր Ասատրյանի միջեւ լարված իրավիճակ է, եւ երկուսի մոտ էլ զենք կար, եւ այդ զենքը մի օր կրակելու է»։

Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանի մոտ, ըստ ԱԱԾ տնօրենի, հայտնաբերվել է երկու ինքնաձիք եւ 4-5 ատրճանակ, նա կալանավորվել է, իսկ ձերբակալման որոշումը պետք է կայացնի դատարանը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ԵԿՄ Պաշտպանության նախարարությունից պարբերաբար ստացել է սնունդ, եւ հնարավոր է, հայտնաբերվածը հենց այդ ստացած սնունդն է, ԱԱԾ պետը նշեց, որ չունի նման տեղեկատվություն. «Մենք կարող ենք փաստել, որ կան նամակներ դպրոցականներից, անհատներից քաղաքացիներից, դա քառօրյա պատերազմից մնացած սնունդն է»։

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները տեսանյութով