Անկասկած, եթե որեւէ մեկն իրեն նման արարք է թույլ տվել, դժվար է որակումներ փնտրել. անթույլատրելի եւ զազրելի է այն ամենը, ինչը ներկայացվեց: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին, որի հագստի գոտուց ԱԱԾ-ն հայտնաբերել էր դեռեւս ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդ, որոնցով գեներալը կերակրել է իր կենդանիներին:

«Եթե դա համապատասխանում է իրականությանը, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ես ամբողջությամբ կիսում եմ այն ապրումներն ու զգացմունքները, որոնք հայ ժողովուրդը եւ յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս>,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է քվեարկելու մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության ժամանակ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ինչպես գիտեք, քվեարկությունը գաղտնի է, բայց կարող եմ ձեզ ասել, որ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ՝ դա ճիշտ է, որ հնարավորություն տրվի, որ բազմակողմանի եւ լրիվ նախաքննություն իրականացվի, բոլոր հարցերի պատասխանները տրվեն, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ:

Նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները պետք է պատասխան տան՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից՝ այս պահին որտեղ են: Եթե նախաքննության ընթացքում կպարզվի, որ որեւէ մեկը մասնակից է եղել այս ամենին եւ դա իրականությանը համապատասխանում է»:

Դիտարկմանը, թե կարո՞ղ էր նման բան տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի, ոստիկանության, ԱԱԾ-ի գիտության, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ես իմ դիրքորոշումն արտահայտեցի: Այդ հարցերին ոչ թե ես պետք է գնահատական տամ, այլ դա պետք է պարզի օբյեկտիվ ու լրիվ նախաքննությունը: Կպարզվի, որ որեւէ մեկը պատասխանատու է այս ամենի համար, տեղյակ է եղել, ուրեմն օրենքի ամբողջ ուժով պետք է պատասխան տա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն տեսանյութ է տարածել, որտեղ երեւում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հանգստի գոտու տարածքում հայտնաբերվել են սնունդ, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, որոնք ուղարկված են եղել դպրոցականների կողմից ապրիլյան պատերազմի մասնակիցներին:

Մասնավորապես, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս եւ բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաեւ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։