Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք հարթություններում եւ իր ներդրումը բերել կառույցի արդյունավետության եւ հեղինակության բարձրացման գործում: Երեւանում գտնվող ԵԱՀԿ անդամ շուրջ երկու տասնյակ երկրների մշտական ներկայացուցիչների հետ այսօր՝ հունիսի 18-ին կայացած հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով ԵԱՀԿ դեսպաններին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ շրջանակում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում մեր երկրում կարեւոր բարեփոխումներ են իրականացվել: Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանն իր հերթին ակտիվ մասնակցություն է ունեցել կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում եւ իր ներդրումը բերել կառույցի արդյունավետության եւ հեղինակության բարձրացման գործում:

ԱԳՆ ղեկավարը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձել երկրում ընթացող բարեփոխումներին եւ կառավարության նոր ծրագրին:

ԵԱՀԿ դեսպաններն էլ նշել են, որ վեց տարվա ընդմիջումից հետո հերթական տարածաշրջանային այցը լավ հնարավորություն է ընձեռում՝ տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ գնահատելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակը:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի շարունակականությունը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, ԵԱՀԿ շուրջ: