«Զինված խմբի» գործով ավելի քան 2 տարի կալանքի տակ գտնվող Էդուարդ Ներսիսյանը՝ Ապարը, ու «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ազատ արձակվեցին դատարանի դահլիճից։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրում դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր՝ հունիսի 18-ին կայացած դատական նիստում բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու ամբաստանյալների խափանման միջոցը փոխեց: Նշենք, որ Գառնիկ Մարգարյանի համար երաշխավորել էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում՝ «Մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց: