Փոքր կառավարության հայեցակարգի համաձայն, որին մտադիր է հետեւել Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն, նախարարների թիվը կկրճատվի մինչեւ 11-ը, իսկ փոփոխությունները կվերաբերեն 5 գերատեսչություններին, գրում է «Sputnik-Վրաստան»-ը:Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի՝ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից մեկ օր անց, «Վրացական երազանք»-ը Բախտաձեին վարչապետի իր թեկնածու հայտարարեց: Այժմ Վրաստանի կառավարությունում 13 նախարարները եւ մեկ պետնախարար ժամանակավոր պաշտոնակատարներ են:

«Առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը պետք է վստահություն հայտնի նոր կառավարությանը եւ նրա ծրագրին: Ծրագրի հիմնական սկզբունքը փոքր կառավարության հայեցակարգն է, որը ճկուն եւ արդյունավետ կառավարական կառույցներ է ենթադրում...Նախատեսված կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում գործող կառավարության կազմի մեջ մտնող 14 նախարարությունների թիվը կկրճատվի մինչեւ 11»,- խորհրդարանական մեծամասնության անդամների հետ հանդիպումից հետո ասել է Բախտաձեն:

Վերջին անգամ նախարարությունների թիվը Վրաստանում կրճատվել է 2017 թվականի դեկտեմբերին, երբ կառավարության կազմ էր մտել 13 նախարար եւ մեկ պետնախարար՝ 16 նախարարությունների եւ երկու պետնախարարների փոխարեն: