Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաեւ ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադառնալով կաթի մթերման շուրջ առաջացած խնդիրներին՝ ներկայացրել է այն հնարավոր պատճառները, որոնք ազդեցություն ունեն կաթի գնագոյացման վրա: Այդ համատեքստում, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ եւ առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է հետեւողական քայլեր իրականացնել՝ կաթնամթերքից արտադրվող բոլոր արտադրատեսակների ստանդարտները պահպանելու եւ քաղաքացիների իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ներագրավմամբ ձեւավորել աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի ոլորտում առկա խնդիրները եւ կներկայացնի դրանց լուծման առաջարկությունները՝ հաշվի առնելով նաեւ գյուղացիական տնտեսությունների շահերի պաշտպանության կարեւորությունը:

Զեկուցվել է, որ ներկա դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացը կազմակերպվում է պատշաճ մակարդակով: Մասնավորապես, տեղեկացվել է, որ հունիսի 15-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 37 հազար 446 տոննա պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 հազար 651 տոննայի դիմաց: 2018 թվականի ընթացքում արդեն իսկ արտահանվել է 14 հազար 652 տոննա ծիրան՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց, ինչպես նաեւ 2237 տոննա կեռաս՝ նախորդ տարվա 420 տոննայի դիմաց: Պատասխանատուները նշել են, որ ընդլայնվել են նաեւ արտահանման շուկաները: Մասնավորապես, արտահանումներ են կազմակերպվում ոչ միայն Ռուսաստան, այլ նաեւ Բելառուս, Ղազախստան, Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ եւ այլ պետություններ: Վարչապետ Փաշինյանը կարեւորել է արտահանման ծավալների շարունակական ավելացումը եւ պատասխանատուներին հանձնարարել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հնարավոր բոլոր խնդիրները, ուղիղ կապ պահպանել արտերկրի գործընկերների հետ՝ նաեւ տարբեր խնդիրներ կանխարգելելու նպատակով:

«Ռուսաստան այցի ընթացքում արտահանման թեման քննարկվել է եւ այնտեղ նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան: Ռուսաստանի մեր գործընկերները շուկան հագեցնելու հետ կապված խնդիր ունեն եւ հույս ունեն, որ մենք իրենց այդ հարցում աջակցություն կցուցաբերենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ կարեւորելով արտահանվող ապրանքների սանիտարական կանոններին համապատասխանության ապահովումը:

Ոռոգման գործընթացի կազմակերպման առնչությամբ զեկուցվել է, որ այն ընթանում է պատշաճ մակարդակով, ինչին նպաստել են նաեւ բարենպաստ եղանակային պայմանները: Վարչապետն այս հարցում եւս ընդգծել է ամենօրյա համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը: