Հայաստանի հեռուստալսարանը հունվարի 20-ից զրկվեց ոչ միայն մի քանի տեղական հեռուստաալիքներ, այլ նաեւ ռուսական ОРТ եւ «Կուլտուրա» հեռուստաալիքը դիտելու հնարավորությունից։ Այդ հեռուստաալիքները դիտելու հնարավություն ունեն միայն մայրաքաղաքի տարածքում, քանի որ դրանք վերահեռարձակելու թույլտվություն ստացած ՍՊԸ-ները մասնակցել են ՀՌԱՀ-ի կողմից մայրաքաղաքային սփռման համար հայտարարված մրցույթին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանժնաժողովի (ՀՌԱՀ) մամուլի խոսնակ Լիլիթ Գազազյանը: Նրա խոսքով, ОРТ-ն վերահեռարձակելու թույլտվություն ստանալու համար մրցույթին մասնակցել է «Կայմ հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն, իսկ «Կուլտուրա» ալիքը հեռարձակելու համար դիմել է «Պարադիզ» ՍՊԸ-ն։

Միակ ռուսական հեռուստաալիքը, որը դիտելու հանարավորություն ունեն հանրապետության ողջ տարածքում, դա PTP-ն է։

Հայաստանի «Հեռուստացանց» ՊՓԲԸ-ն հրահանգ է ստացել ՀՌԱՀ-ի կողմից՝ դադարեցնել այդ ալիքների հեռարձակումը։

Ի դեպ, ռուսական ալիքները դիտելու հնարավորությունից զրկվելու փաստը հարուցել է մարզերի բնակիչների դժգոհությունը։ NEWS.am-ի խմբագրություն են դիմել, մասնավորապես, Շիրակի եւ Սյունիքի մարզի հեռուստադիտողները, հայտնելով, որ իրենք այժմ ստիպված են որպես հայկական հեռուստալիքներին այլընտրանք դիտել միայն թուրքական ալիքներ։

«Մնում է թուրքերեն սովորենք, որ գոնե նայածներիցս բան հասկանանք»,-ասաց գյումրեցիներից մեկը։ Նա նաեւ հավելեց, որ ստիպված են համապատասխան ալեհավաքներ ձեռք բերել, որպեսզի «նորմալ ալիքներ նայելու հնարավորություն ստանան»։

Նշենք, որ ОРТ եւ «Կուլտուրա» ալիքները դիտելու հնարավորություն մարզերի բնակիչները կստանան միայն 10 տարի անց, երբ ՀՌԱՀ-ը նորից մրցույթ հայտարարի։