Գերմանական անկախ Germania Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է գործարկել Երեւան-Բեռլին-Երեւան ուղղությամբ: Ավիաընկերության սպիտակ-կանաչ օդանավերը շաբաթական մեկ անգամ ուղիղ չվերթներ կկատարեն Գերմանիա: Հայաստանում ըկերության պաշտոնական ներկայացուցիչն է Sidon Travel-ը:

«Երեւանի եւ Բեռլինի միջեւ ուղիղ ավիաչվերթը Germania Airlines ընկերության եւ Հայաստանի միջեւ երկամյա բանակցությունների արդյունքն է: Սա տեղի ունեցավ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, Գերմանիայում Հայաստանի դեսպանատան ու Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, «Բիզնես Հայաստան» հիմնադրամի եւ միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի ջանքերով»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Sidon Travel-ի սեփականատեր, Հայաստանում Պորտուգալիայի պատվավոր հյուպատոս Սեմ Սամուելյանը:

«Մենք ուղեւորների մեծ պահանջարկ ենք ակնկալում, որոնք Բեռլին իրենց ճանապարհորդությունները կազմակերպում են մեզ հետ միասին եւ այցելում իրենց ընտանիքներին, ընկերներին եւ ազգականներին: Դրանից զատ, այս չվերթները կհետաքրքրեն նաեւ գործարար մարդկանց: Մենք ակնկալում ենք նաեւ Գերմանիայից Հայաստան զբոսաշրջիկային հոսք, հատկապես մշակութային տուրիզմի փաթեթների շրջանակում երկիրը դառնում է ավելի գրավիչ»,- իր կողմից նշեց Germania Airlines ավիաընկերության վաճառքի հարցերով մենեջեր Ֆլորիան Շթայլը:

Չվերթներն իրականացնելիս ընկերությունը ուղեւորներին առաջարկում է ավիատոմսերի արժեքի մեջ մտած ծառայությունների համալիր փաթեթ՝ ուտեստներ, սառը ըմպելիքներ,  ամսագրեր: Երեւան-Բեռլին ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմում է մոտ 169 եվրո դրամական համարժեքով, իսկ նաեւ հետադարձ ուղղությամբ՝ 338 եվրո: