Հայաստանը ասորերեն, քրդերեն եւ եզդիերեն լեզուներով կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռել այն դպրոցներում, որտեղ մեծ թվով փոքրամասնությունների ներկայացուցիչներ են սովորում: «Փոքրամասնությունները եւ փոքրամասնությունների լեզուները՝ փոփոխվող Եվրոպայում» խորագրով համաժողովին այս մասին հայտարարեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Համաժողովը նվիրված է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի եւ Տարածաշրջանային եւ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 20-ամյակին:

«Համաձայնագրերը հաստատել են այն հանգամանքները, որոնց դեպքում մարդիկ իրավունք ունեն կրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով, այլ ոչ թե՝ ազգային պետության լեզվով, որտեղ նրանք բնակվում են: Հայաստանը, Լեհաստանը եւ Մոնտենեգրոն այն երկրներն են, որոնք աշխատել են մեր կազմակերպության հետ՝ փոքրամասնությունների՝ մեր իրավական գործիքների համաձայն իրենց լեզվով կրթության մատչելիությունն ապահովելու համար: Թեպետ այդ երկրները դեռ շատ անելիք ունեն այս ոլորտում, դրանք կարեւոր քայլեր են արել՝ չնայած քաղաքական ճնշմանը եւ սահմանափակ ֆինանսական ռեսուրսներին»,- ասել է Յագլանդը: