Կիեւի կենտրոնում, Վերին Ռադայի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել աֆղանցի ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի թղթակցի խոսքով՝ աֆղանցիներին հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան խորհրդարանի դիմացի հրապարակում եւ մոտենալ Ռադայի շենքին: Այժմ նրանք գտնվում են խորհրդարանի շենքի պատուհանների տակ: Այս կապակցությամբ Վերին Ռադայի շենքի բոլոր մուտքերն ու ելքերը արգելափակված են, ոչ ոքի չի թույլատրվում մտնել կամ դուրս գալ շենքից:

Ժողովրդական պատգամավոր Դմիտրի Դոբրոդոմովի պարզաբանմամբ՝ աֆղանցի ցուցարարների հիմնական պահանջն իրենց արտոնությունները մարտական գործողությունների մասնակիցների արտոնություններին հավասարեցնելն է: Նրա խոսքով՝ Սահմանադրության հրապարակում ցուցարարների շարքում նաեւ հանքափորներ կան:

Ցուցարարների մոտ է դուրս եկել փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն եւ կոչ է արել ցուցարարներին նախաձեռնող խումբ ձեւավորել բանակցությունների համար: