Պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությունը աննախադեպ է, փաստերը՝ սահմռկեցուցիչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Սա խայտառակություն է եւ սրբապղծութուն: Մենք պետք է մտածենք, թե ինչպես վերացնենք սրա հետեւանքները, որ վերականգնենք մեր ազգային հպարտությունը, մեր ազատամարտի ձեռք բերած դարակազմիկ նվաճումները եւ որեւէ մեկին թույլ չտրվի սա օգտագործել դա նսեմացնելու համար», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ բացահայտումները պետք է կատարվեն հնարավորինս արագ։ Պետք է ահացահայտումներն իրականացվեն ամբողջական: Բոլորս պետք է նպաստենք, որ դրանք լինեն սպատռիչ, համոզիչ հասարակության համար, որ այլեւս նման բան բացառվի»,-ասաց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն երկու միջնորդություններին էլ կողմ է քվեարկելու. «Մենք պետք է նպաստենք, որ իրավապահ մարմինները շարունակեն իրենց աշխատանքը»,-ասաց նա:

Խոսքը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին երկու միջնորդությունների մասին է:

Նշենք, որ ԱԺ-ում այս պահին ընթանում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետախպնդում իրականացնելու եւ նրան կալանավորելու համար ԱԺ համաձայնությունն ստանալու համար գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր: