Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից միջանցքում այսօր՝ հունիսի 19-ին, ընթանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ գխավոր դատախազի միջնորդության քվեարկությունը:

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 13.30-ին եւ կտեւի մինչեւ ժամը 14.00-ն: Ընտրությունը փակ գաղտնի է:

Նշենք, որ ԱԺ-ն արդեն փակ գաղտնի քվեարկության արդյունքում 81 կողմ, 3 դեմ ձայներով համաձայնություն տվեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր: