Սա խիստ ռիսկային եւ մութ հեռանկարներով համակարգ է. որքան հասկացա, ինչ-որ մեկի կամ երկուսի սուբյեկտիվ ցանկությունն էր: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նա հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե այս պահի դրությամբ որքա՞ն գումար է կուտակված կուտակային ֆոնդերում, նաեւ միթե Հայաստանում չկային կառավարիչներ, որ պետք էր այդ միջոցները դուրս հանել, ոչ թե դրանք օգտագործել երկրի ներսում:

Ի պատասխան նախարարն ասաց, որ տարբեր երկրների փորձը ցույց է տվել, որ միջազգային հեղինակավոր կառավարիչների ներգրավումը լավագույն տարբերակն է. «Միակ ճանապարհը նա է, որ այդ գումարները կառավարվեն մասնավորի կողմից եւ պետությունը մասնակցություն չունենա այդ հարցում, որովհետեւ գայթակղությունը մեծ է, որ կուտակված գումարը վերցնել եւ օգտագործել ինչ-որ նպատակի համար: Շատ երկրներում այդ գայթակղությունը եղել է, եղել է այդպիսի փորձ, դրա համար նախապատվությունը տրվել է միջազգային հեղինակավոր կառավարիչներ ներգրավելու տարբերակին»:

Վարդան Բոստանջյանն առաջարկեց, որ ավելացնել երաշխիքների ինստիտուտը, որ քաղաքացին վստահ լինի, որ իր ժամանակին կստանա այդ գումարը:

«Մի ամբողջ գլուխ նվիրված է երաշխիքներին, եթե կարծում եք, որ էլի բարելավելու տեղ կա, կարող ենք դա քննարկել»,-արձագանքեց Ջանջուղազյանը: