Ժամանակին մենք դեմ ենք եղել պարտադիր կուտակային համակարգին, դրա դեմ պայքարել ենք, մեր շատ անդամներ առաջնորդել են այդ շարժումը, նաեւ «Ելք» դաշինքի ծրագրային դրույթներում կան դրան վերաբերող կետեր: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Միաժամանակ, նա նկատեց, որ հիմա հասկանում են այն իրավիճակը, որում հայտնվել ենք. «Եթե կառավարությունը որոշեր, ենթադրենք, հետաձգել համակարգի ներդրումը, ապա չգիտենք ՀՀԿ-ն ինչպես կքվեարկեր: Եթե դեմ քվեարկեր, ուժի մեջ կմնար գործող օրենքը, ինչը ենթադրում է, որ հուլիսի 1-ին բոլորի համար համակարգը ուժի մեջ կմտներ: Մյուս կողմից, մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք այս կառավարությանը: Ես իզուր չէի հարց տալիս՝ դուռը փա՞կ է, թե՞ դեռ քննարկելու հնարավորություն կա: Մենք ունենք բազմաթիվ առաջարկներ, այդ թվում համակարգը դարձնել կամավոր, բայց զուգահեռ իրականացնել որոշակի քայլեր, որ նա գրավիչ լինի քաղաքացու համար»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ այս թեմայով խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ եւ պատրաստ են քննարկել ու բարելավել համակարգը. «Այն մարդիկ, որոնք դեմ են եղել այդ համակարգին, շարունակում են դեմ մնալ: Մենք աջակցում ենք այս նախաձեռնությանը, պայմանով, որ շարունակենք քննարկումները»,-հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ կողմ են քվեարկելու օրինագծին:

«Ծառուկյան» խմբակցությունը եւս հայտարարել է, որ կողմ է քվեարկելու: Նմանատիպ հայտարարություն է արել նաեւ ՀՀԿ խմբակցությունը:

Հիշեցնենք, որ այս օրինագծի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցել են անդառնալիության կետը, քանի որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, եւ շահառուների միայն 20 տոկոսն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Բացի այդ, այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Նշենք, որ գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նոր նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին: