Եթե մարդիկ բարեփոխումների հարցում օրումեջ կարծիք են փոխում, նրանք երբեք չեն կարող բարեփոխում անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրինագծի վերաբերյալ «Ելք»-ի ներկայացուցիչները հանձնաժողովում ձեռնպահ էին քվեարկել, իսկ հիմա հայտարարում են, որ կողմ են քվեարկելու:

«Այսօրվա կառավարությունը ունի ժողովրդի վստահության քվեն: Այդ դեպքում ինչո՞ւ եք օրենք բերել պարտադիր կուտակային համակարգը շարունակելու մասին, օրենք բերեիք, որ կամավորը մնում է: ՀՀԿ-ն կողմ է պարտադիր կուտակայինին: Այս նախագիծը անհրաժեշտություն է վաղվա խնդիրը լուծելու համար: Հակատռակ դեպքում կենսաթոշակը կմնա խնդրի Հայաստանում եւ կմնա շահարկման առարկա քաղաքական ուժերի համար: Եթե խոսում եք ընտրակաշառքից, ապա դրանք լուծելու ամենալավ ձեւը համակարգ ունենալն է, որ ստիպված չեք լինի ամեն ընտրության ժամանակ ասել՝ այ, տեսեք ձեր թոշակը բարձրացնում ենք:

Չի կարելի օրենք ընդունել, հետո մեկ տարի հետո հավաքվենք ու ասենք՝ էսպես հնարավոր չի, հետ ենք վերադառնում»,-հայտարարեց Հակոբ Հակոբյանը:

Սա հարոցեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի վրդովմունքը եւ նրանց միջեւ վիճաբանություն սկսվեց:

Մի քանի րոպե ԱԺ-ն չէր կարողանում շարունակել աշխատանքը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանգստության կոչ արեց նրանց՝ նշելով. «Պարոն Մարուքյան, ձեզ ձայն կտայի, եթե նման հնարավորություն ունենայի: Կանոնակարգը թույլ չի տալիս: Դադարեցրեք բանավեճը»: