Կառավարության որոշումը միանգամայն ողջամիտ է եւ ողջունելի: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր համակարգը անհրաժեշտություն է. «Եթե իրականում ուզում ենք, որ մեր քաղաքացիները երբեւէ ունենան արժանապատիվ կյանքով ապրելու համար անհրաժեշտ եկամուտներ իրենց կենսաթոշակների տարիքում, ապա համակարգը հետեւյալն է՝ պետք  է աշխատեմ ու կուտակեմ այդ տարիների համար»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այսօր աշխատողների թիվը 600 հազար է, իսկ կենսաթոշակառուների թիվը՝ 450-500 հազար, եւ ստացվում է՝ մոտավոր մեկ աշխատող պետք է պահի մեկ կենթաշոկառուի:

Նման դեպքում, ըստ Խոսրով Հարությունյանը ճանապարհը մեկն է մնում՝ հարկերը բարձրացնել, որ բարձրանա կենսաթոշակը:

ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս հարցում անդառնալիության կետն անցել է, քանի որ 80 տոկոսն արդեն համակարգում ներգրավված է:

Նա կարծիք հայտնեց, որ անհաջող որոշում է քաղաքացու կողմից կուտակային հիմնադրամին փոխխնցվող գումարը 5 տոկոսից 2,5 տոկոս դարձնելը. «Պարզաբանել, թե եկամտահարկի փոփոխությունից հետո կվերադառնանք 5/5 տոկոսին,  սա ընդամենը հանրությանը հաճոյանալու փորձ է , ընդ որում՝ ոչ հաջող»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այս օրինագծի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցել են անդառնալիության կետը, քանի որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, եւ շահառուների միայն 20 տոկոսն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

Նշենք, որ գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նոր նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար: