Հերոս լինելը մի բան է, հերոսի կերպարը պահպանելը՝ այլ բան: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը NEWS.am-ի հետ զրույցում  այսպես ձեւակերպեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի արարքը: 

Սեյրան Օհանյանը, որն այդ ժամանակ պաշտպանության նախարար էր, մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե ԱԱԾ տեսանյութից է տեղեկացել այդ մասին, իսկ նախարարությունը չէր կարող  վերահսկողություն իրականացնել՝  արդյոք քաղաքացիների աջակցությունն ամբողջությամբ տեղ հասել է, թե ոչ:

«Մանվել Գրիգորյանին ի սկզբանե ճանաչել եմ որպես մարտական, զինվորական ճանապարհ անցած անձնավորության, որի հիմնական ուղղությունը եղել է Արցախյան ազատամարտը եւ նա ներդրում է ունեցել այնտեղ: Դրա համար գնահատել եմ: Բայց այն, ինչ տեսանք լրատվամիջոցներով, դա բոլորի եւ նաեւ իմ կողմից դատապարտելի է: Ես ինքս անձամբ ցավ եմ ապրում  այն ամենի համար, ինչ հայտնաբերվեց այնտեղ: Ցավ եմ ապրում մատաղ սերնդի՝ աշակերտների նկատմամբ այդ վերաբեմունքի հետ կապված, որոնք իրենց սիրտն ու հոգին էին դրել այդ աջակցության մեջ»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը: 

Սեյրան Օհանյանը նշեց, որ իրավապահները պետք է պարզեն  այդ ամենին մասնակցության շրջանակը եւ պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին, սակայն պաշտպանության նախարարությունը չէ, որ պետք է այդ վերահսկողությունը իրականացներ:

«Պաշտպանության  նախարարությունը համապատասխան ապահովում իրականացնում է, վերահսկում է որակը, ժամանակին ապահովելը, բայց անմիջապես նյութատեխնիկական ապահովումը տեղի է ունենում այլ օղակների ներքո: Նախարարությունն  իրավասություն չունի քաղաքացիական անձանց եւ տարբեր հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության անցկացնելու: Պետք է պարզել եւ դրա շրջանակում մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն»,-ընդգծեց Օհանյանը:

ՊՆ նախկին ղեկավարն ընդգծեց, որ ՊՆ ղեկավարությունը գնումների գործընթացում, նաև թիկունքային ապահովման գործընթացում գնումներ իրականացնելու, գնումների ընթացքում որակի, քանակի, ճիշտ ժամանակին մատակարարումն իրականացնելու համար է պատասխանատու, իսկ տեղում արդեն պատասխանատու են համապատասխան կառույցները, որոնք ներքին՝ զորամասային օղակում են: Նրա խոսքով, բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և համապատասխան ուղղություններով այդ օգնությունների բաշխում է եղել, դա պետք է ճշտել Արցախի Հանրապետության ղեկավարությունից:

«Ես, իհարկե, տեղյակ չեմ եղել դրա մասին: Ինչ վերաբերում է զորամասային օղակում մատակարարումներին, ապա դրանք բաշխվում են հենց զորամասի ստորաբաժանումների միջև, իսկ այդ ստորաբաժանումները տեղաբաշխված են տարբեր ուղղություններով, տարբեր տեղանքներում, թե ինչպես է այդ ամենն   իրականացվել, իրավապահ մարմինները պետք է պարզեն»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Հիշեցմանը, որ ապրիլյան պատերազմի օրերին քաղաքացիները, մամուլը ահազանգում էին, որ շատերի օգնությունը տեղ չի հասել, Օհանյանն ասաց՝ հանձնախումբ էր ստեղծվել, որը զբաղվում էր օգնության բաշխմամբ. «Ստեղծվել է հանձնախումբ, որն էլ վերահսկել է՝ ինչպես է բաշխվում, ՊՆ-ն չի վերահսկել: Երկրորդ՝ դժվար է վերահսկողություն իրականացնել յուրաքանչյուր ստորաբաժանման հետ կապված: Ի վերջո, բոլորը նվիրված լծվել  էին այդ գործին»: 

Հարցին, թե ինչպես կբնութագրի այն  զինվորականներին, մարդկանց, որոնք բանակի  բյուջեն ու զինվորի հասանելիքը յուրացրել են, ինչի վերաբերյալ այս օրերին սկանդալային բացահայտումներ են արվել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Նախեւառաջ  նրանք զինվորականներ չեն, 2008-ից բանակում չէ Մանվել Գրիգորյանը: Բանակի հետ կապը եղել է այնքանով, որքանով որ ՀԿ-ների հետ ենք կապ ունեցել: Իհարկե, երեւույթը դուրս է բոլոր բարոյական նորմերից, որովհետեւ դրանով արտահայտվում է վերաբերմունքը բանակի եւ մատաղ սերնդի նկատմամբ: Հաշվի  առնելով անմեղության կանխավարկածը՝ այդպիսի դեպքերի բարոյական գնահատականը մենք  տալիս ենք, բայց իրավականը կտա իրավապահ համակարգը: Սպասենք վերջնական գնահատականին: Նա ունեցել է համապատասխան ներդրում Արցախյան ազատամարտին, բայց ես կասեմ՝ մեկ բան է լինել հերոս, մեկ բան է պահպանել այդ կերպարը»:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ ձերբակալության ժամկետը լրանալուց հետո,  կկալանավորվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանի ամառանոցում բացահայտեց  անօրինական զենք զինամթերք, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմում դպրոցականների՝ զինվորներին ուղարկած օգնությունը, որը չէր հասել զինվորներին: ԱԱԾ-ն բացահայտել է, որ դպրոցահասակների հանգանակած օգնությունը՝ սննդից մինչեւ դողորայք եւ ներքնազգեստ, Մանվել Գրիգորյանը յուրացրել է, խտացրած կաթով ու պահածոյացված մսով կերակրել իր արջերին ու վայրի կենդանիներին: