Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է բանկերի կողմից անհուսալի վարկերի գծով տույժ-տուգանքների ներել մինչեւ մայիսի 31-ը եղած վարկերի մասով: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում հիշյալ փաթեթի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Եթե այսպես թե այնպես, բանկն է որոշում, ներել, թե ոչ եւ ներելու դեպքում՝ մենք ազատում ենք բանկին հարկային պարտավորություններից, այդ դեպքում՝ եկեք ժամկետային սահմանափակում չդնենք, ինչո՞ւ մինչեւ մայիսի 31-ը: Եկեք այս դրույթը դարձնենք նորմ, տանք բանկերին հնարավորություն: Համաձայնեք, եթե որեւէ բանկ հնարավորություն ունենա եկամուտներ կորզել, չի հրաժարվելու դրանից: Հետեւաբար, նրանք կխուսափեն դրանից միայն այն դեպքում՝, երբ այդ վարկերն իսկապես անհուսալի են»,-ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Փաթեթի բացատրական մասում նշված է, որ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից՝ գործարար միջավայրի բարելավման, իսկ մյուս կողմից՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ: