Ինչո՞ւ են սեքսուալ բնույթի հանցագործության համար դատապարտվածն ազատվում զինծառայությունից: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բաբայանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ըստ ներկայացված տեղեկանքի՝ պարտադիր զինծառայության ենթակա չի լինելու այն քաղաքացին, որը ոչ միայն դատապարտվել է ծանր հանցագործության համար եւ ազատազրկման ձեւով պատիժ է կրել 3 տարուց ոչ պակաս ժամկետով, այլեւ քրեական օրենսգրքի սեքսուալ բնույթի գործողություններ, անառակաբարո գործողություններ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու, թմրամիջոցների գործածմանը հակելու կամ ներգրավելու արարքներ կատարելու դեպքում:

Կարելի՞ է հասկանալ, որ եթե մարդը դատապարտվել է այդ հոդվածներով, նա ազատվում է պարտադիր զինծառայությունից: Սրանով մենք ի՞նչ ենք խրախուսում. Մարդը գնա սեռական հանցագործություն կատարի, դատապարտվի, եւ դրա հիման վրա շրջանցի իր սահմանադրական պարտականությո՞ւնը»,-հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը:

Ի պատասխան Գաբրիել Բալայանն ասաց. «Այստեղ ոչ մի նորություն չկա: Պաշտպանության նախարարի եւ գլխավոր դատախազի 2008 թվականի հրամանով այդպիսի մարդիկ չեն էլ զորակոչվել: Նման հրաման եղել է նաեւ 2002 թվականին: Վերջին երեք տարվա մեջ խոսքը ընդամենը 7-8 հոգու մասին է: Մյուս կողմից եթե նրանք զորակոչում ենք բանակ, շատ ավելի լուրջ խնդիրներ են ծագում: Մենք ուղղակի եղած հրամանը բերում ենք օրենքի դաշտ»: