Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան եւ Նոր Նորքի նստավայր) որոշմամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովը համաձայնություն տվեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի եւ նրա նկատմամբ կալանք կիրառվի:

Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում,  ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաեւ  Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության նախօրեին տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր: