ԱՄՆ կառավարությունը եւ միջազգային հանրությունը պետք է օգնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարի իր ծրագիրն իրականացնելու գործում եւ թույլ չտան, որպեսզի նախկին կառավարությունն ապակայունացնի նորը: Այս մասին The Hill թերթում հրապարակված հոդվածում այս մասին գրել է Open Society Policy Center-ում Եվրոպայի եւ Եվրասիայի քաղաքականության հարցերով խորհրդական, վերլուծաբան Ալեք Ջոնսոնը:

Ըստ նրա՝ կան որոշ ազդակներ, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ուշադրություն են դարձրել Հայաստանին: Մասնավորապես, նա հայտնում է կոնգրեսականների՝ Մայք Պոմպեոյին ուղղված նամակի մասին, որում վերջիններս կոչ են անում մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը: «Միացյալ Նահանգներին հարկավոր է միջամտել՝ թույլ չտալու համար, որպեսզի Ռուսաստանն իր ձեռքն առնի նորաստեղծ ժողովրդավարական շարժումը», - գրում է նա:

Վերլուծաբանի խոսքով՝  արագ աջակցությունը Հայաստանին երկրին հնարավորություն կտա ուժեղացնել կառավարությունը եւ բարելավել տնտեսությունը, ինչն իր հարեւաններից շատերը, հատկապես՝ Ուկրաինան եւ Վրաստանը, չկարողացան անել գունավոր հեղափոխություններից հետո: Նա ընդգծում է, որ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականությունում մի քանի գործիք ունի: Ժողովրդավարության ազգային հիմնադրամն (National Endowment for Democracy)  արդեն Հայաստանին տարեկան 1.3 մլն դոլար է հատկացնում ժողովրդավարության զարգացման համար, եւ, ըստ Ջոնսոնի, ներդրումները պետք է ավելացվեն:

Բացի այդ, հեղինակը գտնում է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է համերաշխություն ցուցաբերի Հայաստանի հետ հայտարարությունների եւ ԵԱՀԿ-ի նման հարթակներում հանդիպումների միջոցով: «Աջակցության մեխանիզմների ցանկացած քանակություն կարող է նաեւ անհրաժեշտ ճշգրտումներ տալ ընտրական օրենսգրքում՝ ժողովրդի կամքն արտահայտող օրինական խորհրդարանական ընտրությունների ապահովման համար»,- գրում է հեղինակը: