Մինչեւ այժմ Բարեգործական ծրագրերի որակավորման հարցը վերապահված է եղել բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, որը պետական վարչական մարմին համարվել չի կարող: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունները պարտադրում են, որ նման գործունեություն կարող է իրականացնել միայն պետական վարչական մարմինը, հետեւաբար, այս օրինագծով առաջարկվում է, որ բարեգործական ծրագրերի որակավորման հարցը սահմանի կառավարությունը եւ ինքն էլ կորոշի, թե ով է լինելու իրավասու պետական մարմինը:

«Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը վարչական մարմին չի դիտվում, պետք է իրավասու մարմին հանդիսանա այլ պետական մարմին, որը կսահմանվի կառավարության կազմից, որը կլինի նախարարություն կամ փոխվարչապետ: Իսկ հանձնաժողովը կարող է մնալ որպես զուտ խորհրդակցական մարմին»,-ասաց փոխնախարարը:

Դիտարկմանը, թե այս օրինագիծը կարող է խոչընդոտել բարեգործության իրականացմանը, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այս ծրագրով մենք բարեգործության շրջանակները չենք փոխում, բարեգործություն իրականացնողների շրջանակը չենք նեղացնում, բարեգործության իրականացումը նույնկերպ իրականացվում է, որեւէ նոր պարտականություն չի նախատեսվում: Իսկ այս մարմնի հետ առնընչվելը վերաբերում է բացառապես հետեւյալ հանգամանքով. եթե բարեգործություն իրականացնողը ցանկանում է ստանալ բարգործության հետ կապված խրախուսանք, կամ հարկային արտոնություն կամ իր բարեգործության ընթացքում ուզում է ստանալ պետական ու համայնքային աջակցություն: Միայն այդ դեպքում է բարեգործություն իրականացնողը դիմում իրավասու մարմին, որ իր ծրագիրը  որակվի բարեգործական: Մնացած դեպքերում մարդն իրականացնում է իր բարեգործությունը եւ իրավասու մարմինը որեւէ կերպ չի կարող խոչընդոտել այդ գործընթացին»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկեց օրենքում առանձին կետով բացված գրել, որ եթե բարեգործը չի ցանկանում օգտվել այդ երեք արտոնություններից, ապա իրավասու մարմինը նրա հետ ոչ մի առնչություն ունենալ չի կարող:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ օրենքը հենց այդպես էլ սահմանում է. «Եթե որեւէ կազմակերպություն ցանկանում է բարեգործություն անել, բոլորովին անհրաժեշտություն չունի դիմել իրավասու մարմնին, եթե այլ ակնկալիք չունի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ծառուկյան. Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնում էր, թե եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։