Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այս մասին ասել է այսօր՝ հունիսի 19-ին Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպայի և Հայաստանի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոյի հետ հանդիպման ժամանակ:

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ ծրագրերին ու հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Արթուր Խաչատրյանը նշել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն, և պետությունը միջոցներ է ձեռնարկում՝ այս ոլորտում գործող փոքր արտադրողներին աջակցելու և նրանց մրցակցային կարողությունները բարելավելու համար:

Հյուրերը համառոտ ներկայացրել են Հայաստանում GIZ-ի կողմից իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում` նաև «Մասնավոր հատվածի զարգացում և տեխնիակական մասնագիտական կրթություն և վերապատրաստում հարավային Կովկասում» ծրագիրը, որի շրջանակում արդեն վեց տարի աջակցություն է ցուցաբերվում գինեգործության և տուրիզմի ոլորտներին:

Աննա Կեմպան փաստել է, որ վերջին տարիների ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել GIZ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև, հատկապես Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցով` ուղղված Հայաստանում գինեգործության զարգացմանը: Այս համագործակցության արդյունքներից են շարունակական օժանդակությունը Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիային, ինչպես նաև մի շարք մարզերի տնայնագործ գինեգործների: Միաժամանակ, նա վստահեցրել է, որ GIZ-ի ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ:

Քննարկվել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից խաղողի տնկարկների կադաստրի ստեղծմանն առնչվող հարցեր, ինչը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաև վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը: