Կյանքից հեռացել է նկարիչ Եվգենի Վախթանգովը, ով նաեւ Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի հիմնադրի թոռն է: Գեղանկարիչը մահացել է 75 տարեկանում՝ երկարատեւ հիվանդությունից հետո, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Եվգենի Վախթանգովը ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 15-ին Օմսկում: 1970 թվականին ավարտել է Սուրիկովի անվան Մոսկվայի արվեստի պետական ինստիտուտը: Աշխատել է դիմանկարի, նատյուրմորտի, պեյզաժի ժանրերում, վերջին շրջանում զբաղվել է նաեւ աբստրակտ պուանտիլիզմով:

Եվգենի Սերգեեւիչ Վախթանգովի ստեղծագործությունները ներառված են Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահի, Սանկտ-Պետերբուրգի Պետական ռուսական թանգարանի հավաքածուներում, ինչպես նաեւ՝ մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում: