Ժամանակն է, որ Իսրայելը միանա այլ երկրներին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ այս քայլով նորից հայտարարի Իսրայելի հիմնարար արժեքների մասին եւ ուժեղացնի  միջազգային կոալիցիան ընդդեմ ցեղասպանությունների ժխտման: Այս մասին Haaretz-ում հրապարակված հոդվածում գրում են Ռասիզմի դեմ եվրոպական շարժման նախագահ Բենջամին Աբթանը, հայտնի ֆրանսիացի փաստաբան եւ պատմաբան Սերժ Կլարսֆելդը, նրա կինը՝ Բեատեն եւ որդին՝ Առնոն:

Նրանց խոսքով, Ցեղասպանության մասին ճշմարտությունն ընդունվել է աշխարհի բազմաթիվ պատմաբանների կողմից, այդ թվում համարձակ ակտիվիստների եւ Թուրքիայի մտավորականության կողմից:

Նրանք ընդգծում են, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ աշխարհաքաղաքական դաշինքը հիմնական տարրն է, որն Իսրայելին խանգարում է ընդունել Հայոց Ցեղասպանությունը: Սակայն հեղինակները կոչ են անում ուշադրություն չդարձնել Թուրքիայի սպառնալիքներին, քանի որ երկիրը մշտապես հետ է կանչում իր դեսպաններին, կասեցնում է հարաբերությունները, իսկ հետո ամեն ինչ արագ վերականգնվում է եւ շփումները կարգավորվում են:

«Թվում է անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող էր շրջվել պատմությունը, բայց անհեթեթ չէ մտածել, որ եթե ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր Հայոց Ցեղասպանությունը, հրեաների Հոլոքոստը, գնչուների, Ռուանդայի թութսիների ցեղասպանությունից եւ այլ հանցագործություններից հնարավոր կլիներ խուսափել:

Այսպիսով Իսրայելը հատուկ պատասխանատվություն է կրում: Հայերի Ցեղասպանության ճանաչումը չի փոխի անցյալը, բայց այն կօգնի ապագայի ձեւավորմանը եւ կօգնի պաշտպանել նրանց, ում սպառնում է ոչնչացումը այսօր եւ վաղը»,- գրում են հեղինակները:

 «Իսրայելը պետք է հիշի հայերի ոչնչացման մաին եւ ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»,- եզրափակում են նրանք: