Թվում է, թե ոչ մի շաբաթ չի անցնում՝ առանց հանդիպելու խորհրդավոր մի այլ գրողի, որ պատվիրված հոդված չգրի Ադրբեջանի մասին և չվարկաբեկի Հայաստանի ու տարբեր հայերի հեղինակությունը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Հարութ Սասունյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Թվում է, թե ոչ մի շաբաթ չի անցնում՝ առանց հանդիպելու խորհրդավոր մի այլ գրողի, որ պատվիրված հոդված չգրի Ադրբեջանի մասին և չվարկաբեկի Հայաստանի ու տարբեր հայերի հեղինակությունը:

Վերջին նման գրողը Փիթեր Թեյզն է, որը 2018 թվականի հունիսի 11-ին Eurasia Review կայքում տեղադրել է՝ «Ռուսաստանի օտարերկրյա գործակալները Ամերիկայում. Թրամփի կապերը հայ լոբբիստների հետ» խորագիրը կրող հոդվածը:

Այս խիստ կողմնակալ ​​հոդվածը դիմում է չափազանցությունների և չհիմնավորված մեղադրանքների՝ Հայաստանն ու անհատ հայերին կապելու Ռուսաստանի, և որ առավել զարմանալի է՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ...

Նախ, Թեյզը խեղաթյուրում է իրանահայ Գևորգ Վարդանյանի գովասանքի արժանի գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ նրան անվանելով «խորհրդահայ ամենաարդյունավետ լրտեսներից մեկը»: Իրականում, Վարդանյանը վիթխարի ծառայություն է մատուցել ամբողջ աշխարհին` խափանելով Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի սպանության հիտլերյան ծրագրերը՝ 1943 թ. Թեհրանի կոնֆերանսում նրանց որպես դաշնակիցներ հանդիպման ժամանակ: Թեյզը նվազեցնում է իր սեփական վարկանիշը, նշելով որ ԿՀՎ (CIA)ի տնօրեն Ստանսֆիլդ Թըրնըրը և գործակալության բարձրաստիճան պաշտոնյաները վստահել են Վարդանյանին: Ինչո՞ւ պիտի նրանք վստահեին Վարդանյանին, եթե նա վատ մարդ լիներ... Անհավատալիորեն, Թեյզը նույնիսկ պնդում է՝ թե նա կասկածում է Վարդանյանին, քանի որ նա խոսում էր հայերեն... 

Այնուհետև Թեյզը քննադատում է ռուսաստանյան երկու լրագրողների՝ Մարգարիտա Սիմոնյանին և Գայանե Չիչակյանին, որոնք աշխատում են «Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերությունում: Նրանց միակ մեղքը այն է, որ նրանք «բարետես» կանայք են, և առանց որևէ ապացույցի Թեյզը նրանց մեղադրում է՝ «շատ այլ ազդեցիկ «ռուս» գործակալների պես էթնիկ հայ լինելու համար»:

Հաջորդը Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովի հերթն է, որի վրա Թեյզը հարձակվում է վերջինիս հայ լինելու համար: Չիլինգարովի մեղքն այն է, որ Մոսկվայի բանկետներից մեկում նա նստած է եղել նախագահ Վլադիմիր Պուտինի կողքի սեղանին : Չիլինգարովը մեծարվել է Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության կողմից որպես բևեռախույզ իր սխրանքների, և ոչ թե հայ լինելու համար, ինչպես հայտարարում է Թեյզը...

Հավանաբար Թեյզի հոդվածի ամենաանհաջող հատվածը՝ կեղծ  պնդումն է ամերիկահայ լրագրող Էմիլ Սանամյանի՝ «օտարերկրյա գործակալ» լինելու մասին։ Այն ամբողջությամբ կեղծ մեղադրանք է։ Սանամյանն ինձ ասաց, որ ինքը ոչ այժմ, ոչ անցյալում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում չի գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ» ։ Հուսով եմ, որ Սանամյանը դատի կտա Փիթեր Թեյզին և նրա կայքը՝ իր հեղինակությանը վնաս հասցնելու համար։ Հայկական ամեն ինչի նկատմամբ Թեյզի կույր ատելության աստիճանը ցույց տալով, նա մեղադրում է Սանամյանին «Ամերիկացիները Արցախի համար» կազմակերպության համար աշխատելու մեջ, մի կազմակերպություն, որն «ստեղծվել է օրինականացնելու պատերազմական հանցագործությունները և ռուսական զորքերի աջակցությամբ հայերի կողմից ապօրինի գրավումը, որն իրականացվել է անողոքաբար (Ուկրաինայից և Վրաստանից շատ առաջ, Ռուսաստանի իշխանությունը օգտագործեց հայ զինվորներին ինքնիշխան Ադրբեջանի տարածքը գրավելու, ձերբակալություններ իրականացնելու և Ադրբեջանի արևմտամետ ուղղությունը խափանելու համար)։ Այս նախադասության մեջ ոչ մի ճիշտ բառ չկա։ Ռուսական իշխանությունները չեն օգտագործել հայ զինվորիներին։ Հայերն իրենք են իրենց ազատագրել Ադրբեջանի ճնշող ռեժիմից, որը տասնամյակներ շարունակ զանգվածային ոճիրներ էր գործում Արցախի հայերի դեմ… Իրականում, ռուս զինվորներն աջակցել են Ադրբեջանին և սպանել Արցախի բազմաթիվ անմեղ բնակիչների։ Ավելին, «Ամերիկացիները Արցախի համար»-ը եղել է շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը ֆինանսավորվել է ամերիկահայերի կողմից։ Սանամյանն ինձ ասաց, որ այնտեղ աշխատել է որպես չվարձատրվող աշխատող։ Բացի այդ, երբ Սանամյանը աշխատել է Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակում, այդ կազմակերպությունը դեռևս չէր գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ» ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում։ Բացի այդ, Թեյզը կեղծ պաշտոն է հորինել, պնդելով, որ «Սանամյանը որպես ԼՂՀ հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն պատասխանատու էր տեղեկատվական պատերազմների և քարոզչության համար»։

Թեյզի հոդվածում կան նաև մի շարք այլ անճշտություններ, որոնք ցույց են տալիս նրա գիտելիքների բացակայությունը հայկական հարցերի վերաբերյալ: Օրինակ, Թեյզը գրում է, որ Հայաստանն անկախացել է «Խորհրդային Ռուսաստանից»՝ Խորհրդային Միության փոխարեն։ Երկրորդ անհեթեթությունը, Թեյզի մեկնաբանությունն է Սերժ Սարգսյանի լուսանկարի վերաբերյալ, որտեղ նա պատկերված է Թրամփի և նրա տիկնոջ հետ, Նյու Յորքում, ՄԱԿ-ի շենքում։ Թեյզն այդ լուսանկարը վերագրում է ամերիկահայ համայնքի լոբբիստական ջանքերին։ Սակայն, լոբբինգի անհրաժեշտություն ամենևին էլ չկար։ Եթե Թեյզը մի փոքր հետազոտություն անցկացներ, ապա կհայտնաբերեր մեկ այլ լուսանկար, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր նախագահ Թրամփի և նրա տիկնոջ հետ ՄԱԿ-ում, ինչպես նաև կային բազմաթիվ այլ պետությունների ղեկավարների հետ լուսանկարներ։ Մեկ այլ դիտավորյալ խեղաթյուրում Թեյզի կողմից, որ Սանամյանի կինը՝ Լոնդոնի քաղաքային համալսարանի Cass Business School-ի շրջանավարտը, 2012 թ. եղել է համալսարանի խոշոր «դոնորներից և հովանավորներից» մեկը։ Թեյզը չի նշում, որ Սանամյանի կինը թվարկված է եղել առավել փոքր, 1000 դոլարից ցածր կատեգորիայում, որը նրան չի դարձնում խոշոր դոնոր:

Թեյզի հաջորդ հարձակումը հայերի վրա նրանց ենթադրյալ կապն է նախագահ Թրամփի հետ։ Ահա այստեղ է, որ Թեյզը թույլ տալիս իր ամենաանհեթեթ մեղադրանքը։ Իրականում դժվար թե լինի մի հայ, որին նախագահ Թրամփը ճանաչում է, ուստի Թեյզը հնարում է երևակայական կապեր։ Թեյզը նույնիսկ համարձակվում է խեղաթյուրել 2016 թ. իմ հոդվածը՝ «Հայերը պետք է կապ հաստատեն Թրամփի հետ՝ Կոնգրեսում իրենց հանրապետական կողմնակիցների միջոցով» վերնագրով։ Եթե Թեյզը ազնիվ լրագրող լիներ, նա մեջբերում կաներ իմ հոդվածից, որում ասվում է. «նորընտիր նախագահի հետ հայ-ամերիկյան կապեր գործնականում գոյություն չունեն»։

Թեյզը նաև խեղաթյուրում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարությունը, որն առաջարկում է աշխատել նորընտիր նախագահի հետ: Այդ նախադասության մեջ չկա որևէ նշում ամերիկահայերի և Թրամփի միջև առկա կապերի մասին։ Այլ բան չունենալով ներկայացնելու, Թեյզը առաջ է քաշում Էնդի Սուրաբյանի բոլորովին անհայտ անունը, որպես «մեկ այլ հայ քաղաքական գործիչ Թրամփի Սպիտակ տան խորքում»։ Սուրաբյանը նկարագրվում է որպես «Սթիվ Բենոնի քաղաքական խորհրդական Թրամփի վարչակարգում և քարոզչության վետերան»։ Ի դժբախտություն Թեյզի՝ ոչ Բենոնը, ոչ Սուրաբյանն այլևս չեն աշխատում Սպիտակ տանը։

Թեյզն այնուհետև նշում է Քեյթ Նահիգյանի անունը, որպես «ամենայն հավանականությամբ, հայկական սփյուռքի ամենաազդեցիկ և բարձրաստիճան անդամ և գրանցված լոբբիստ, կապված Թրամփի քարոզարշավի հետ… որը կոչված էր գլխավորելու Թրամփի անցումային թիմը 2017 թվականին»։ Սա ուշադրությունը շեղող ևս մեկ հնարք է։ Նահիգյանը կապ չունի հայ համայնքի հետ։ Երկու տարի առաջ ես նրան մի էլեկտրոնային նամակ էի ուղարկել և մինչ օրս սպասում եմ նրա պատասխանին։ Ահա թե ինչքան մոտ է Նահիգյանը հայ համայնքին:

Թեյզը վաղաժամ ակնարկում է կոնգրեսական Դենի Թարկանյանին (հանրապետական, Նևադա), որպես «հայկական լոբբիի անդամ, նախագահ Թրամփի մոտ մուտք ունենալու հնարավորությամբ»։ Եթե Թարկանյանը նոյեմբերին հաղթի, այնժամ կկարողանանք որոշել, թե նա իր կապերով որքա՞ն մոտ կլինի Սպիտակ տանը։

Անհավատալիորեն, Թեյզը նշում է Քիմ Քարդաշյանին որպես «տնային-պոռնո-թվիթեր լոբբիստի», որը բազմաթիվ առիթներով հանդիպել է Թրամփի հետ, վերջին անգամ՝ 2018 թ. մայիսին»՝ հաջողությամբ նախագահ Թրամփի կողմից ներում ապահովելով ցմահ դատապարտված մի բանտարկյալ (ոչ հայ) տատիկի համար։ Թեյզն ավելի համոզիչ կլիներ, թե Քարդաշյանը Թրամփին խնդրանք ներկայացրած լիներ որևէ հայկական հարցի վերաբերյալ։ Չի եղել որևէ կապ որպես «հայ լոբբիստ» Քարդաշյանի և նախագահ Թրամփի միջև:

Թեյզը կեղծորեն եզրափակում է իր անհիմն ու ամոթալի հոդվածը, նշելով՝ «Այս լայն ու խորը կապերը ներկայիս անփորձ նախագահի և նրա քարոզարշավի հետ, ստեղծում են ազգային անվտանգության հավանական հետևանքներ և արժանի են մեծ ուշադրության՝ երաշխավորելու, որ Պուտինի շարունակվող միջամտությունը հայրենի Միացյալ Նահանգներում կփշրվեն և կձախողվեն»։

Չեմ կարծում, որ Թրամփը Պուտինի հետ կապեր հաստատելու համար ամերիկահայերի կարիքն ունի։ Հակառակ Թեյզի անհիմն մեղադրանքների՝ նախագահ Թրամփը երկար ժամանակ ուղիղ կապ է ունեցել Կրեմլի հետ և որևէ մեկի օգնության կարիքը չունի»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի