«Հրապարակ» թերթը գրում է. «Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարությունում, նախ՝ վարչապետի կոշտ արձագանքը պարտադիր կուտակայինի հետ կապված իր ելույթին, ապա՝ կադրային խնդիրները:

Բանն այն է, որ Մինասյանը չի կարողանում իր ղեկավարած նախարարություն կադրեր բերել, փոխնախարարի իր թեկնածուներին Փաշինյանը մերժեց, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կազմում գործող 2 կարեւոր կառույցներում՝ պետգույքում եւ զբոսաշրջությունում եւս Փաշինյանը նշանակում արեց՝ առաջինում նշանակելով Լենա Նազարյանի ամուսնուն, երկրորդում՝ շարժմանը մասնակցած ակտիվիստ Հռիփսիմե Գրիգորյանին: Իսկ նախարարն ընդամենը կարողացել է իր հետ բերել օգնականներին, վարորդին եւ խոսնակին:

Վերջին օրերին նախարարության շոկն այն է, որ Արծվիկ Մինասյանն աշխատանքից հանել է ընդունարանի աշխատակից Զառա Նահապետովային, ով այս նախարարության խորհրդանիշն է․ ասում են՝ «էկոնոմիկայի Զառան 10 նախարար էր փոխել, Արծվիկ Մինասյանի հետ էլ էր աշխատել, եւ անհասկանալի է, թե ինչու է նրան հանել՝ առանց որեւէ նորմալ բացատրության»: Հատկանշական է, որ չի վերանշանակվել նաեւ ադամանդագործության եւ ոսկերչության գծով նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, որը ոլորտի լավագույն մասնագետներից եւ հնաբնակներից է համարվում:

Դրանից առաջ հեռացրել էր Ստանդարտացման ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանին։ Մեր աղբյուրները նշում են, որ Ալբերտ Բաբայանին փոխնախարար նշանակելու հարցում էլ դեր է խաղացել նախագահականը, իսկ Մանե Ադամյանի նշանակումը շատերին է զարմացրել․ նա դրսում կրթություն է ստացել Սերժ Սարգսյանի «Լույս» հիմնադրամի գումարներով, աշխատել է Կարեն Կարապետյանի հետ «Զարգացման հիմնադրամում», Փաշինյանի կառավարության ժամանակ էլ փոխնախարար դարձավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում