Ռուսաստանը շարունակում է բաց  լինել ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ շփումների հաստատման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հետեւողականորեն աջակցում ենք Եվրասիայում խաղաղության, անվտանգության եւ հավասար համագործակցության ընդհանուր տարածքի ձեւավորմանը: Մենք նախկինի նման բաց ենք Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ կայուն շփումների հաստատման համար»,- ասել է նա Եվրոպական բիզնես ասոցիացիայի XV Ֆլագմանական համաժողովի ժամանակ: Գրուշկոն հավելել է, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության ներուժը դեռ մեծ է:

ԵՏՄ-ն ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածության հիման վրա եւ գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵՏՄ-ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղըզստանը: