Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, օրերս կալանքից ազատված Սամվել Բաբայանը վստահեցնում է, որ իր համար նորություն չի եղել գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ԱԱԾ-ի հայտնաբերածը:

Այսօր՝ հունիսի 20-ին, «Սասնա ծռերի» դատից առաջ լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանը հիշեցրեց, թե ինչ էր ինքն ասել անցած տարի այս ժամանակահատվածում՝ Մոսկվայից վերադառնալուց հետո:

«Ձեզ համար կարող ա՝ նորություն ա, բայց որ ես եկա Մոսկվայից, հայտարարեցի, որ կոլխոզի նախագահները գեներալսկի հագուստով են: Ես էդ մարդկանց գիտեմ, ինձ համար զարմանալի չէր էն, ինչի վրա դուք բոլորդ զարմացել եք: Որ գեներալի դուռը ծեծեք, կարող ա՝ էդքան բան չգտնեք, ուրիշ բան բայց հաստատ կգտնեք»,- ասաց Սամվել Բաբայանը:

Նշենք, որ Սամվել Բաբայանը դատին եկել էր Ժիրայր Սեֆիլյանի հետ: Վերջինս Մանվել Գրիգորյանի արարքին շատ կարճ արձագանքեց. «Ինձ համար էլ զարմանալի չէր»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն: