Մարդիկ ավելի լավ են մտապահում անծանոթների լուսանկարները, եթե նրանք ժպտում են կամ արտահայտում այլ ուժեղ զգացումներ, հայտնում են բրիտանացի գիտնակնները British Journal of Psychology ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մեր կյանքում կարեւոր դերակատարում ունի ըստ լուսանկարի մարդու անհատականության որոշումը, սակայն մենք գիտենք, որ մեր ուղեղն այս խնդիրը չափազանց վատ է հաղթահարում: Փաստաթղթերի կեղծումը եւ օտարների անձնական տվյալների օգտագործումը այսօր ահռելի բազմամակարդակ խնդիր է, ուստի մեզ համար չափազանց կարեւոր է անհատին տաբերակելու նոր մեթոդներ գտնելը»,- նշում է Յորքի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Միլա Միլեւան:

Մարդու արտաքինը վիթխարի դերակատարում ունի նրա կյանքի զարգացման կերպի գործում, ըստ որում՝ այն ազդում է ոչ միայն անձնական կյանքի վրա, այլեւ ընդհանրապես կարիերայի եւ հասարակության մեջ ունեցած դիրքի: Օրինակ՝ 2011 եւ 2013 թվականներին բրիտանացի գիտնականների 2 խումբ հայտնաբերել է, որ գեղեցիկ մարդիկ միջինը ավելի բարձր IQ ունեն եւ ավելի հաճախ են հեռանկարային աշխատանքի ընդունվում, քան սովորական կամ անշուք արտաքինով մարդիկ:

Այս խնդիրը հետազոտելիս բրիտանացի գիտնականները ուշադրություն են դարձրել, որ աշխարհի երկրների մեծ մասի ստանդարտներով՝ փաստաթղթերի, ֆոտոռոբոտների եւ այլ «պաշտոնական» թղթերի վրա լուսանկարներն ունեն մեկ ընդհանրական հատկանիշ՝ մարդիկ դեմքի չեզոք, չհիշվող արտահայտությամբ են:

Սա նրանց ստիպել է ստուգել, թե ինչպես են տարբեր զգացումնեըը, այդ թվում ժպիտը, ազդում այն հանգամանքի վրա, թե մենք որքան լավ ենք մտապահում անծանոթներին եւ հետագայում ճանաչում նրանց լուսանկարները: Հետազոտողներն այս նպատակով 34 եւ 40 ուսանողից կազմված 2 թիմ են հավաքել եւ նրանց խնդրել են համեմատել անծանոթ մարդկանց լուսանկարների 2 հավաքածու: Առաջինի մեջ մտած եին միայն «լուրջ» պատկերները, իսկ երկրորդում նույն մարդիկ ժպտում էին կամ արտահայտում որեւէ այլ զգացում:

Հենց առաջին դիտարկումները ցույց են տվել, որ ժպիտը զգալիորեն մեծացնում է մարդու ճանաչելիությունը: Երկրորդ խմբի ուսանողները միջինը 9 տոկոսով ավելի հաճախ են որոշել, որ լուսանկարներում պատկերված են միեւնույն մարդիկ, եւ 7 տոկոսով ավելի լավ են հայտնաբերել իրար նման, սակայն տարբեր մարդկանց միջեւ տարբերությունները:

Հետաքրքիր է, որ երբ գիտնականները որոշել են «կեղծել» դիմանկարները եւ ժպիտ են ավելացրել «լուրջ» կամ տխուր դեմքերի մի քանի լուսանկարներին, ուսանողները այս խնդիրն ավելի վատ են հաղթահարել:

Ինչպես նշում է Միլեւան, այս ամենը վկայում է, որ անձնագրերի եւ այլ փաստաթղթերի համար լուսանկարներ պատրաստելիս հարկ է հիշել, որ եթե այդ լուսանկարներում մարդիկ ժպտում են, ապա նրանք ավելի հեշտ են մտապահվում եւ հեշտ է գտնել նրանց թղթերում կեղծման հետքերը: Համանման կախվածություն կա թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց դեպքում:

Միլեւան եւ նրա գործընկերները ժպիտի եւս մեկ հետաքրքիր հատկություն են գտել՝ փորձելով հայտնաբերել այն գործոնները, որոնք մարդուն խանգարում են միեւնույն մարդուն ճանաչել տարբեր լույսի ներքո կամ տաբեր իրադրությունում արված լուսանկարներում, ինչպես նաեւ գտնել համակարգչային մշակման հետքերը: