Ղարաբաղում ազատագրված հողերի իրավահաջորդը հայկական կողմն է, իսկ ավելի կոնկրետ՝ հայ փախստականները ադրբեջանական ԽՍՀ-ից, որոնք որպես տուժած այդպես էլ չներկայացվեցին բանակցային գործընթացում: Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի ԽՍՀ-ց փախստականների կոնգրեսի համակարգող Մարիամ Ավագյանը:

Ըստ նրա՝ իրենք բարձրացրել են հայ փախստականների քաղաքական իրավունքների վերաբերյալ հարցը 2011 թվականի մայիս 17-ին՝ ՄԱԿ ներկայիս գլխավոր քարտուղար, իսկ այդ ժամանակ դեռ՝ փախստականների հարցով պատասխանատու Անտոնիո Գուտերեշի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: «Այդ ժամանակ Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ հայկական կողմը երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը: Թեեւ մեր կառավարությունն ակնկալում էր, որ Գուտերեշը կգա եւ ֆինանսական աջակցություն կկազմակերպվի բնակարանային խնդրի լուծման համար»,- պարզաբանեց Ավագյանը: Ընդ որում, նա հավելեց, որ, քանի որ այս հարցն այդպես էլ չի քաղաքականացվել, հարյուր հազարավոր հայ փախստականների որեւէ օգնություն չի ցուցաբերվել: