ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին մինչ ստեղծվող հանձնաժողովի աշխատանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Այսօր Իոաննիսյանը հանդիպել է  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Նա ասել  է, որ բոլոր խորհդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, ՀԿ-ներին, ազգային փոքրամասնություններին  տեղեկացրել են քննարկումների մասին:

«Բացի ՀՀԿ-ից, մնացած բոլորի հետ եղել են քննարկումներ, մտքերի փոխանակում, ներկայացրել ենք, լսել ենք, թե ինչ պատկերացումներ ունենք: Այդ ամենն արել ենք՝ մինչեւ նախագծում մի տառ անգամ գրելը: ՀՀԿ-ից հրաժարվեցին այդ քննարկումներից, պատճառաբանեցին, որ խորհրդարանում ստեղծվելու է հանձնաժողով: Ամեն դեպքում ես ներկայացրեցի, որ չենք ուզենա սկսել նախագծի հետ աշխատանքը, մինչեւ բոլորի հետ քննարկելը: Մենք շահագրգռված ենք, որ բոլորը ներգրաված լինեն, բայց իրենց իրավունքն է: Առաջին նախագիծը կպատրաստվի առանց ՀՀԿ-ի»,-ասաց Իոաննիսյանը:

Հարցին, թե այսինքն, այն նախագիծը, որը կբերվի խորհրդարան, կլինի «կոնսենսուս հանած 1»` ի դեմս ՀՀԿ-ի՞՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Չէ, մինչեւ ԱԺ բերելը այն քննարկվելու է, այն նաեւ կբերվի խորհրդարանական ուժերի հետ քննարկման եւ ես հուսով եմ, որ ՀՀԿ-ն արդեն այդ քննարկումներին կմասնակցի»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: