ԿԺԴՀ առաջնորդ Քիմ Չեն Ընը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել միջազգային խաղաղության եւ կայունության պահպանման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Կիմ Չեն Ընն իր կնոջ ուղեկցությամբ երեքշաբթի օրը երկօրյա այցով ժամանել էր Պեկին: Հանդիպումը տեղի էր ունեցել չորեքշաբթի օրը Պեկինի արեւմուտքում գտնվող Դյաոյույտայ պետական նստավայրում:

«Ես պատրաստ եմ ընկեր նախագահի (Սի Ցզինպինի) հետ համատեղ անել հնարավոր ամեն ինչ՝ ԿԺԴՀ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գործում պատշաճ դերակատարում ունենալու համար»,- մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքերը: