Երկրապահ կամավորների միությունը պետք է լուծարվի: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին,  մամուլի ասուլիսում ասել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Թող Շվեյցարիայի մեթոդով կամավորական ջոկատներ լինեն եւ լինեն պետության վերահսկողության տակ, ոչ թե նման հրոսակախումբ»,- ասաց նա:

Ըստ Իշխանյանի՝ ԵԿՄ-ում կոռուպցիոն բացահայտումների հիմքերը գալիս են դեռեւս 90-ականներից. «Ցավոք սրտի 90-ականներից ոչ թե փորձ արվեց ստեղծելու պետություն եւ ուժեղացնելու այն, այլ միայն իշխանություն ստեղծվեց եւ այն ամրապնդվեց։ Սրանք տարբեր բաներ են։  Իշխանությունը չձեւավորվեց ժողովրդի քվեով եւ իշխանության հենարանը դարձավ ուժային կառույցները։ Տարբեր տիպի անձինք իրենց հրոսակախմբերով արտոնված էին ու իրենց պատիժ չէր հասնում»:

Նրա խոսքով՝ 1995 թվականին, երբ ստեղծվում էր ԵԿՄ-ն, շատ է ասվել, որ պետության մեջ զինված խումբը օրինականացնելը չի կարելի. «Բայց ո՞վ կարող էր Վազգեն Սարգսյանի դեմ խոսել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հովանավորչությամբ»:

Ավետիք Իշխանյանը հիշեց նախկինում ԵԿՄ-ի մասնակցությամբ մի շարք  «սխրագործություններ». «Նրանք պայթեցրեցին կրոնական յոթ կազմակերպությունների, ծեծեցին, ջարդեցին, եղան սպանություններ։ Դա արեցին ազգային-կրոնական  հողի վրա՝ ով առաքելական չի, հայ չի սկզբունքով։ Այն ժամանակվա ընդդիմադիր քաղաքական ուժերը չքննադատեցին։  Հաջորդը ընտրությունների ժամանակ էր. Օպերայում եղավ կրակոցներ, ծեծուջարդ։ Ոչ ոք պատասխան չտվեց։ 1996 թվականի ամբողջ ընտրությունների կազմակերպումը կատարում էր ԵԿՄ-ն, նրանց թույլ էր տրվում անել ամեն ինչ։ Նրանց տրվեց բիզնես, սեփականություն եւ այլն: Այդպես շարունակվեց մինչ օրս։ Նույն այդ երկրապահների միջոցով եւ Վազգեն Սարգսյանի կողմից 1998 թվականին տեղի ունեցավ պետական հեղաշրջում. Լեւոն Տեր-Պետրոսյանին գցեցին»,-ասաց նա: