Հասարակությունը այն է, ինչ իշխանությունն է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադանալով երկրում տարիներ շարունակ տիրող կոռումպացված վիճակին:

«Հասարակությունը այն է, ինչ իշխանությունն է: Կոռուպցիան իշխանությունն է, կոռուպցիան հասարակությունն է, չկա էդպիսի բան, որ հասարակության շերտերում  կոռուպցիա լինի, իսկ իշխանությունը մաքուր լինի»,-ասաց նա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հավելեց, որ Մանվել Գրիգորյանն այս ամբողջ կոռումպացված շղթայում միջին մի օղակ է. «Ինքը ոչ բարձրերից է, ոչ ցածրերից է, անգրագետ մարդ է: Հիմա ես չխոսեմ իր ռազմական ուղու մասին, դրա մասին շատ հակասական են տվյալները, բայց ինքը հենց սկզբից մասնակից է եղել այն ոլորտի ձեւավորմանը, որը մենք անվանում ենք  կոռուպցիոն ոլորտ եւ նրանք դարձել են այն պատվանդանը, որի վրա ձեւավորվել է ՀՀԿ-ն»:

Ազգագրագետի կարծիքով՝ կոռուպցիայի մեջ համատարած թաթախվածություն հասունացավ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն բացահայտ վերցրեց իշխանության մենաշնորհը, նույնիսկ ողջ քաղաքականության մենաշնորհը եւ դրա իրավական վերջնակետը դարձավ այն Սահմանադրությունը, որն ընդունվեց  մի քանի տարի առաջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանի ամառանոցում բացահայտեց  անօրինական զենք զինամթերք, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմում դպրոցականների՝ զինվորներին ուղարկած օգնությունը, որը չէր հասել զինվորներին: ԱԱԾ-ն բացահայտել է, որ դպրոցահասակների հանգանակած օգնությունը՝ սննդից մինչեւ դողորայք եւ ներքնազգեստ, Մանվել Գրիգորյանը յուրացրել է, խտացրած կաթով ու պահածոյացված մսով կերակրել իր արջերին ու վայրի կենդանիներին:

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվել է անձեռնմխելիությունից: Նրա ձերբակալության ժամկետը լրանալուց  հետո  Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է: