ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն այսօր՝ հունիսի 20-ին, ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետներ Աննա Մարգարյանին եւ Արա Ղազարյանին: ՔԿԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ Ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը եւ իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը:

Քննարկվեց ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության եւ Քրեակատարողական ծառայության համագործակցությունը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացի շրջանակներում: Հնչեցին տեսակետներ ներդրվելիք համակարգում առկա խնդիրների, նոր որդեգրված աշխատաոճի, օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ եկող հարցերի, միջազգային փորձի կիրառման շուրջ:

Հանդիպում-քննարկման ընթացքում կողմերն անհրաժեշտ համարեցին քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համար աշխատատեղերի ստեղծումը եւ Ծառայությունում արհեստավարժ մասնագետների հաստիքների համալրումը:

Փորձագետները շնորհակալություն հայտնեցին պարզաբանումների, հնչած կարծիքների, ծառայության կողմից առաջարկված նպատակահարմար փոփոխությունների համար:

Հանդիպման վերջում ծառայության պետ Արտյոմ Մխոյանը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում կրկին հանդիպել՝ շարունակելու քննարկումները համապատասխան հարցերի շուրջ: