Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման նպատակով երկու հանձնաժողով է ստեղծվել. մեկը խորհրդարանում է աշխատելու, որտեղ ներգրավված են լինելու  խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, մյուսը վարչապետին առընթեր աշխատանքային խումբ է, որը ղեկավարելու է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Այս խմբում ներգրավված են քաղհասարակության, արդարադատության, ինչպես նաեւ Կենտրոնական հանձնաժողովի ներկայացուցիչներ։  Վարչապետին առընթեր աշխատանքային խմբի քարտուղար է նշանակվել «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին աշխատում են Ընտրական օրենսգրքի բարեփոխված նախագծի  առաջին տարբերակի ուղղությամբ, որը որոշակի մշակումներից հետո կներկայացվի ԱԺ  հանձնաժողովին։

Իոաննիսյանի խոսքով՝  փոփոխություններ են նախատեսվում նախընտրական քարոզարշավի հավասար պայմաններից մինչեւ ամբողջական համամասնական ընտրակարգի  անցում կատարելու հարցերում:

«Բազմաթիվ տեխնիկական կարգավորումներ  փոխվելու են։ Բազմաթիվ կարգավորումներով փոխվելու է նախընտրական քարոզչության խաղի կանոնները եւ հնարավորություն է տրվելու, որ այն կուսակցությունները, որ ավելի համեստ կարողություն ունեն կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել։ Փորձում ենք հնարավորինս   հավասար պայմանների հասնել»,–ասաց Դանիել Իոաննիսյանը։

Ինչ վերաբերում է  վարչապետին առընթեր աշխատանքային խմբի եւ ԱԺ հանձնաժողովի  համատեղ աշխատանքի ձեւաչափին, Իոաննիսյանը նշեց. «Կառավարությունն եւ ԱԺ–ն առանձին չեն աշխատելու։ Հիմա չեմ կարող միարժեք ասել ֆորմատը, բայց կարծես  վարչապետին առընթեր աշխատանքային խումբը  պատրաստում է նախագիծը, որից հետո այն քննարկում ԱԺ  հանձնաժողովի հետ»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:

Բացի այդ ԱԺ 4 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ ձեւավորում են աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով, որը քննարկումներ կսկսի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: