Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն մերժել է երկրի ՆԳ նախարար Մատեո Սալվինիի առաջարկած գնչուների մարդահամարը՝ դա ոչ սահմանադրական համարելով: Նրա խոսքով՝ այն պետք է կենտրոնանա հանցավորության եւ անօթեւանների դեմ պայքարի վրա, հայտնում է «Գերմանական ալիքը»՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները:

«Ոչ ոք չի ծրագրում մտցնել գրանցման ռեեստր ըստ բնակության վայրի կամ մարդահամար ըստ էթնիկական սկզբունքի»,- պարզաբանել է Իտալիայի վարչապետը՝ հավելելով, որ ողջունում է ստուգումը, թե գնչուների երեխաների նկատմամբ որքանով է պահպանվում համընդհանուր պարտադիր կրթական իրավունքը: Իտալիայի վարչապետը պարզաբանել է, որ նրանց հաճախ արգելում են դպրոց հաճախել, ինչին անհրաժեշտ է հակազդել:

Ավելի վաղ աջ պոպուլիստական «Լիգա» կուսակցության դաշնային քարտուղար Սալվինին շեշտել էր, որ բոլոր գնչուները, որոնք Իտալիայում ամրագրված որոշակի կարգավիճակ  եւ այնտեղ մնալու իրավունք չունեն, պետք է արտաքսվեն: Եվրոպայում այս էթնիկ փոքրամասնության թվաքանակը տատանվում է, տարբեր գնահատականներով, 8-ից մինչեւ 12 մլն մարդ: