Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի իր հերթական նիստում արձանագրություն է կազմել ԱԺ պատգամավորի մանդատը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակից Հրանտ Դավթյանին տալու վերաբերյալ:

Բանն այն է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:

Մերուժան Սիմոնյանը պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրական տարածքից, եւ քանի որ ընտրական տարածքի բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են գրել, պատգամավորի մանդատը բաժին է հասել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Հրանտ Դավթյանին:

Հիշեցնենք, որ Հրանտ Դավթյանը գործարար է, եղել է ԱԺ պատգամավոր: Նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թվականին, սկանդալային մի պատմության շնորհիվ: Հրանտ Դավթյանը հայհոյել էր ու ապտակել ճանապարհային ոստիկանին միայն այն պատճառով, որ ոստիկանը, այսպես ասած, համարձակվել էր կանգնեցնել իր ավտոմեքենան:

«Ծառուկյան» դաշինքի ցուցակից 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել