Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան եւ Թուրքիան էլ անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, Տիրանայում Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-ալբանական խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել խորհրդարանական վեհաժողովներում երկու պետությունների պատվիրակությունների համագործակցության հնարավորություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային հակամարտություններին: ԱԺ փոխնախագահը նշել է. «Հայաստանը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության կողմնակից է: Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ապակայունացման, հակամարտությունների ռազմական լուծմանը ու բաժանարար գծերին»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան եւ Թուրքիան էլ անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում»:

Քննարկվել են ՍԾՏՀ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ վեհաժողովը պետք է հավատարիմ մնա իր նպատակին ու որդեգրած սկզբունքներին եւ տնտեսական կառույցը չծառայեցնի որոշ պետությունների քաղաքական շահերին: