Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային եւ ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության նորացված միջպետական համաձայնագրի նախագծի դրույթներին եւ դրա ստորագրումից հետո ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հեռանկարներին:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ 2018թ.-ի համար ծրագրված միջոցառումները կշարունակեն իրականացվել, քանի որ դրանք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին:

Տիկին դեսպանն իր հերթին հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու եւ զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը` կարեւորելով համագործակցությունը մասնավորապես ռազմական կրթության բնագավառում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ անվտանգության եւ պաշտպանության բնագավառում բազմակողմ` ՆԱՏՕ-ի եւ ԵՄ շրջանակներում համագործակցության հնարավորությունները: