Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, նշելով, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը եւ ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը:

Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նոր հնարավորություն կընձեռի պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար:

Դեսպան Դաղերն իր հերթին նշել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու լիբանանյան կողմի պատրաստակամության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: