Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներից հետո նախկին եւ ներկա ԵԿՄ-ականները հավաքվել են, նախաձեռնող խումբ ստեղծել՝ հետագա գործողությունները կանոնակարգելու համար:

Այսօր արդեն նորակազմ նախաձեռնող խումբը հայտարարություն է ընդունել, որը լրագրողների հետ հանդիպմանն ընթերցել է ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

«Այսօր կայացավ Երկրապահ ազատամարտիկների եւ Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվեց ԵԿՄ-ի շուրջ ստեծված անառողջ իրավիճակը: Հանդիպման մասնակիցները, խստորեն դատապարտելով տեղի ունեցած հրեշավոր երեւույթը, միաժամանակ արձանագրեցին, որ հանիրավի վարկաբեկվում է ԵԿՄ-ի հազարավոր ազնիվ եւ նվիրյալ ազատամարտիկների հեղինակությունը:

Հանդիպման մասնակիցները, գնահատելով ստեղծված իրավիճակը, որոշեցին առաջարկել ստեղծել համատեղ նախաձեռնող խումբ՝ ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու, անցկացնելու եւ մինչ համագումարը ԵԿՄ աշխատանքային գործունեությունը համակարգելու համար:

Նախաձեռնող խումբը որոշեց նաեւ առաջարկել կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը, հրավիրել անկախ աուդիտ՝ ընդգրկելով ՊՆ եւ ԱՆ մասնակիցներին՝ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը»,- ասված է նախաձեռնող խմբի հայտարարությունում: