Եվրամիության կողմից ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների համար սահմանված պատժամիջոցային տուգանքները կսկսեն գործել հունիսի 22-ից: Այս մասին ասվում է հունիսի 20-ին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ:

Մաքսատուրքերի սահմանման մասին որոշումը Եվրահանձնաժողովի կողմից կայացվել էր հունիսի 14-ին եւ պատասխան էր դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայից, Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանմանը, փոխանցում է DW-ն:

Դրանք ուժի մեջ են մտել հունիսի 1-ի գիշերը եւ կազմում են 25 տոկոս պողպատե արտադրատեսակների եւ 10 տոկոս ալյումինի համար: Ինչպես ակնկալվում է, դրանք կանդրադառնան ընդհանուր առմամբ 6.4 մլրդ եվրոյի Եվրոպայից ներմուծվող ապրանքների վրա: 

Եվրամիության պատասխան մաքսաուրքերը կանդրադառնան ԱՄՆ-ից մի շարք ապրանքների վրա, որոնց թվում են պողպատե իրերը, վիսկին, գետնանուշի կարագը, Harley Davidson մոտոցիկլետները եւ Levi's ջինսերը: Դրանց ընդհանուր ծավալը 2.8 միլիարդ եվրո կկազմի: