ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր կազմակերպել էր հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում իրականացվող  գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու եւ առկա խնդիրները քննարկելու նպատակով։

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, աշնանացանի նախապատրաստման գործընթացին, մարզերում գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավմանը, ցանքատարածությունների ավելացմանը, մթերումների արդյունավետ կազմակերպմանն ու մթերման գների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի իրացմանը եւ արտահանումների խթանմանը: Անասնաբուծության ոլորտում ընդգծվել է հատկապես անասնաբուժական ծառայությունների բարելավման եւ համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման կարեւորությունը:

Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուները մի շարք առաջարկներ են ներկայացրել պետական աջակցությամբ իրականացվող ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերի շուրջ: Միաժամանակ նրանք հույս են հայտնել, որ վերոնշյալ ծրագրերի բարելավումը թույլ կտա ոչ միայն թեթեւացնել ներկա շահառուների վարկային բեռը, այլեւ ընդարձակել շահառուների շրջանակը:

Քննարկվել են նաեւ գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման նոր մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաեւ ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության ապահովմանն առնչվող մի շարք այլ հարցեր: