Ամուլսարի հարեւանությամբ գտնվող ջրային աղբյուրների մաքրումը հանքավայրի կոնսերվացումից հետո պետք է մշտապես կատարվի: Այս կարծիքին է Միացյալ Նահանգների, Կանադայի եւ Ավստրալիայի բնապահպանական ոլորտի միջազգային անկախ փորձագետների խումբը, որը Միացյալ Նահանգներում ապրող արդյունաբերական ջրերի մաքրման մասնագետ Հարութ Բրոնոզյանի պատվերով իրականացրել է Lydian International ընկերության հիմնավորման ուսումնասիրությունը:

Հետազոտության արդյունքների շնորհանդեսի ընթացքում փորձագետներից մեկը՝ դոկտոր Էն Մաեստը, նշել է, որ Lydian International-ն իր հիմնավորման մեջ նշել է, որ Ամուլսարի տարածքը պարզ երկրաբանություն ունի, բայց երկարաբանական շերտերի ուսումնասիրության ժամանակ պարզվում է, որ մագմատիկ լեռնային ապարները խառնված են ստորին ապարների հետ, որոնք երկաթի սուլֆիդի բարձր խտություն ունեն:

 «Սա նշանակում է, որ այստեղ թթվային դրենաժ է առաջանում եւ գործնականում հնարավոր չէ այդ ապարները տարբերել: Թթվային դրենաժի ուսումնասիրության ժամանակ հաշվի է առնվում ապարների միջեւ հավասարակշռությունը, իսկ Ամուլսարի հանքավայրում նման հավասարակշռություն չկա, գերակշռում են հանքապարները, որոնք թթու են արտազատում»,- ասել է փորձագետը:

Նա պարզաբանել է, որ հանքավայրի շահագործումից որոշ ժամանակ անց առաջանում է թթվային դրենաժ, բարձրանում է ծանր մետաղների խտությունը, ինչը թունավոր է կենսաբազմազանության եւ մարդկանց համար:

 «Մենք կարծում ենք, որ Lydian International ընկերության բերած հիմնավորումներում կան բազմաթիվ անորոշություններ, ապարների նյութերի նշուշները ոչ բավարար քանակաությամբ են ուսումնասիրվել: Բացի այդ ջրային հոսքերի թեստավորման համար շատ կարճ ժամանակ է հատկացվել: Հետեւաբար Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական ռիսկերը եւ թթվային դրենաժի ներուժը Lydian International ընկերությունը թերագնահատել է»,- նշել է Էնն Մաեստը:

Բացի այդ, նրա խոսքով, վերին եւ ստորին ապարներում արսենիում (մկնդեղ) քիմիական տարրի խտությունը գերազանցում է խմելու ջրի ստանդարտները եւ փաստացի Ամուլսարի նախագծի իրականացման ժամանակ դա լուրջ խնդիր կդառնա: Անհանգստություն է առաջացնում նաեւ հանքապարներում ցինկի եւ կապարի պարունակությունը:

 «Lydian International-ի հայտարարություններն այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը չի ազդի Ջերմուկի ջրերի եւ հարակից այլ տարածքների վրա, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում:

Ընկերությունն իր կանխատեսումը տվել է կոշտ մետաղի թափոնների աղբավայրի հոսող ջրերի վերաբերյալ, որը, ըստ մեր գնահատականների, ճշգրիտ չէ», - ասել է փորձագետը:

Նրա խոսքով, հարկավոր է պոտենցիալ աղտոտողների լիարժեք գնահատական տալ`աղտոտված ջրի հոսքը հարակից խմելու աղբյուրներում կանխելու ուղղությամբ ճիշտ միջոցառումների կազմակերպման համար:

Օրինակ, Արփա գետի հարակից աղբյուրների ջրերը ունեն որակի բարձր ստանդարտներ, որոնք հակասում են տեղական հանքապարներում թունավոր մետաղների պարունակության վերաբերյալ տվյալներին: Ստացվում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վտանգ է ներկայացնում դրանց որակի համար, եւ հանքավայրի պահպանումից հետո հարեւան տարածքների աղբյուրների մաքրումը պետք է մշտապես իրականացվի», - եզրափակել է փորձագետը:

Հիշեցնենք, որ «Lydian International» ընկերությունը կապում են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի անվան հետ: Այս կապակցությամբ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը Արմեն Սարգսյանին հարցեր է ուղղել եւ մինչ օրս պատասխան չի ստացել: Ճակատը մասնավորապես հետեւյալ հարցերն է տվել.

Ի՞նչ պատճառներով եք Դուք 2013 թվականին դարձել Lydian International-ի տնօրենների խորհրդի անդամ:

Ո՞վ է (որ բաժնետերը/ բաժնետերերը) առաջադրել ձեր թեկնածությունը:

Ի՞նչ պատճառներով եք լքել տնօրենների խորհուրդը: Այս հարցի կապակցությամբ խնդրում ենք հրապարակել այնպիսի փաստաթուղթ, որը հիմնավորում է ձեր պատասխանը, օրինակ, Lydian International-ի կողմից ձեր դուրս գալու վերաբերյալ հաշվետվությունը:

Խնդրում ենք մանրամասն պատմել, թե արդյոք ձեր դուրս գալը կապված է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վտանգների հե՞տ:

Ի՞նչ կապ ունեիք կամ ունեք Knighsbridge Group ընկերությունների խմբի հետ, որն այլ գործունեությունների հետ մեկտեղ ներգրավված է նավթի եւ գազի արդյունահանման ծրագրերում: