Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունիսի 20-ին հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին:

Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին՝ հանձնակատար Ավրամոպուլոսը վերահաստատել է համատեղ աշխատելու հանձնառությունը՝ իր պատասխանատվության ոլորտում գտնվող հարցերի շուրջ առավել զգալի արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ցուցանիշները։ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է վերոհիշյալ համաձայնագրերի իրագործման գործում ԵՄ անդամ պետությունների դերակատարությանը և ներկայացրել Հայաստանի միգրացիոն քաղաքականության և սահմանների կառավարման բարելավման, հետընդունման և վերաինտեգրման կարողությունների ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները։

Զրուցակիցներն ընդգծել են Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովների հռչակագրերում ամրագրված Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։

ԱԳ նախարարը կարևորել է ԵՄ և անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանի կողմից արձանագրված ձեռքբերումների գնահատումը, ինչը կնպաստի արտոնագրային ռեժիմի ազատականացման և ազատ տեղաշարժի երկխոսության գործընթացի արագացմանը։ Զոհրաբ Մնացականյանի բնորոշմամբ՝ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը։