«11 հազար հեկտարի ազատագրումը» կոդային անվանումով ապատեղեկատվական քարոզարշավի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունները ամեն օր լուրեր են տարածում ԶԼՄ-ներում: Մե՛կ հաղորդվում է գյուղի ազատագրման, մե՛կ՝ ռազմավարական բարձրունքի գրավման մասին: Այսօր սեփական քաղաքացիներին հիմարեցնելու փորձը հասել է իր գագաթնակետին՝ գինու գործարանի տեսքով ռազմավարական օբյտեկի «ազատագրման» մասին լուրերի տեսքով:

Գործարանը, ավելի ճիշտ՝ այն, ինչ դրանից մնացել է, գտնվում է Սադարակի շրջանում: «Գինու գործարանը եւ դրա շրջակայքը պատված են հարյուրավոր ականներով: Ներկա պահին նշված տարածքում ականազերծում է իրականացվում, իսկ գործարանն ամբողջությամբ ախտահանվում է թափոններից»,- նշվում է ռեպորտաժում:

Գիտակցելով այս հաղորդման ողջ հիմարությունը՝ NEWS.am-ի թղթակիցը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: «Սա լուրջ չէ: Մաղթում եմ նրանց վերականգնել գործարանը, շատ գինի արտադրել եւ կուշտ խմել»,- մեկնաբանել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը «ազատագրել» էր Գյունուտ գյուղը: Այս հաղորդումը կտրուկ արձագանքի էր արժանացել սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածի սթափ դատող օգտատերերի շրջանում: «Արդյոք կարելի՞ է այդպես հիմարեցնել սեփական բնակչությանը»,- վրդովվում էին ադրբեջանցիները: